Բանտարկության ամիսները առանձանահատուկ ազդեցություն չեն գործել տրամադրությանս վրա:

October 15, 2007

 պետք է մի հաստատում անեմ. որքան երկար մենք արգելափակված մնանք, այնքան խիստ է լինելու մեզ արգելափակողների նկատմամբ կիրառվելիք պատիժը: 

Ժողովուրդը ավելի քան պատրաստ է ցանկացած պայքարի: Նա այնքան է ատում գործող վարչախմբին, որ բավական է մի քիչ կազմակերպել նրան, որ իշխանափոխությունը իրականություն կդառնա: Ամբողջ հարցն այն է, թե կլինեն արդյոք ընդդիմադիր առաջնորդները միակամ և վճռական այս պայքարում:  

Կարծում եմ, իշխանությունը պահպանելու համար ռեժիմը ոչ մի բանի առաջ չի կանգնելու: Բայց նա ոչինչ չի կարողանա անել, եթե ժողովուրդը համախմբված և վճռական լինի:  


ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրենքի նախագիծի մասին:

October 1, 2007

Եթե գործը սահամանափակվելու է միայն այս օրենքի ընդունումով, այսինքն, եթե Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը և դրանով հարցը փակված է համարելու, ապա ես դրան դեմ եմ: Կողմ կլինեի, եթե այս քայլը ունենար իր տրամաբանական շարունակությունը, մասնավորապես, դրանից հետո ԼՂՀ-ն միանար ՀՀ-ին` վերածվելով երկու կամ ավելի մարզային կազմավորումների: Բացի այդ, այս գործողություններին զուգահեռ պետք է ուղղել 1988-ի սխալը և հանդես գալ Նախիջևանը Հայաստանին միացնելու պահանջով: Եթե սա չէ Ժառանգության առաջարկության տրամաբանությունը, ապա ես դրան դեմ եմ: Առանց նշածս քայլերի ստացվում է, որ ԼՂՀ-ն անկախանում է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից, ինչը մեծ վնաս կհասցնի ազգային միասնությանը: Նախքան այս առաջարկությունը, վերջին տարիներին, Ստեփանակերտի ղեկավարությունը շատ լուրջ է ընդունել իրենց անկախ պետություն լինելու “փաստը”: Սա, ի դեպ, Հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության առաջացման պատճառներից հիմնականն է, երբ հայերը, ապրելով իրենց հայրենիքում, տարբեր երկրների քաղաքացիներ են համարվում` աստիճանաբար մոռանալով որ Արցախը Հայաստանի մի մասն է:

Ժամանակին, ԼՂՀ-ն ստեղծողները մտածում էին, թե դրանով միջազգային քաղաքական դաշտում խուսանավելու հնարավորություն են ստեղծում: Իրականում այս անհեթեթությամբ մենք միայն մեզ ենք խաբում, իսկ միջազգային հանրություն կոչվածը շարունակում է հարցը հայ-ադրբեջանական համարել և Արցախը որպես հակամարտության առանձին կողմ չի դիտարկում: Վերջ պետք է տանք ազգային միասնությանը շատ վնասող այս խեղկատակությանը և, նոր հանրաքվե կազմակերպելով, լուծարել ԼՂՀ-ն և ներկայիս փաստացի սահմաններով միացնել ՀՀ-ին:


իմ ձերբակալության իրական պատճառը:

September 29, 2007

Հայտնի զույգը մեկից ավելի պատճառներ ունի ինձ չեզոքացնելու համար: Տարիների աշխատանքի ընթացքում Հայաստանում հաջողվել է ձևավորել մի մթնոլորտ, երբ ազատագրված տարածքների հանձնումը բավական դժվարացել է: Այնպես է ստացվել, որ այդ տարածքների հանձնմանը խոչընդոտող ուժը հանրային գիտակցության մեջ նույնացվում է անվանս հետ: Ուստի որոշ մարդկանց կարող է թվալ, որ ինձ ձերբակալելով հնարավոր է ազգադավ այդ քայլին ընդդիմացողների կամքը կոտրել: Ոմանք կարող են մտածել, թե ինձ ձերբակալելով ջավախքցի մեր ընկերներին կտրում են թիկունքից: Սակայն ոչ Արցախի և ոչ էլ Ջավախքի խնդիրները իմ ձերբակալության ուղղակի պատճառները չեն: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են: Բացի այդ հրատապ էր դարձել ներքին բարոյական մթնոլորտը բարեփոխելու խնդիրը: Ուստի որոշել էինք, որոշ չափով նաև նախապատրաստվել էինք և հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը և թույլ չենք տալու, որ ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպվել և մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Մենք ակնկալիքներ չունեինք այդ ընտրություններից, այլ համախմբվում էինք ծառայելու համար: Սա էր հիմնականը և այն նոր երևույթը, որ սարսափեցրեց իշխանություններին:


Նախիջևանի հարցը պետք է բարձրացվի:

September 29, 2007

Թե ինչու 1988-ի Ղարաբաղյան շարժումը միաժամանակ նաև Նախիջևանի միացումը չպահանջեց ինձ համար առ այսօր անհասկանալի է: Ինչ է Ղարաբաղ կոմիտեի անդամները չգիտեին, որ Նախիջևանը Արցախի հետ միաժամանակ է օտարվել Հայաստանից: Չգիտեին, որ եթե Նժդեհը Սյունիքի դիմադրությունը չկազմակերպեր, Սյունիքն էլ նույն բախտին էր արժանանալու: Տարբեր բացատրություններ եմ լսել, որոնք ավելի շատ արդարացումներ են հիշեցնում: Սակայն այս պահին կարևորը այս հարցերի իրական պատճառները իմանալը չէ, ոչ էլ այն օրերի գործիչներին մեղադրելը: Սխալը ուղղել է պետք և այդ առումով ոչ միայն ժամանակն է, այլև մենք արդեն բավական ուշացել ենք: Արցախի հարցն այսօր կարելի է 80%-ով լուծված համարել: Չմոռանալով մնացած 20%-ի` Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի մասին, կարծում եմ այսօր շատ աշխույժ պետք է սկսել նաև Նախիջևանի գործընթացը: Մենք արդեն բավական ուշացել ենք դա սկսելու համար: Պահը մեզ հրամցվեց  երկու տարի առաջ` Հին Ջուղայի խաշքարերի ճիչ-աղաղակով: Այդ կոտորածը կազմակերպող ադրբեջանական բանակի նախիջևանյան ղեկավարությունը պետք է պատասխան տա այդ բարբարոսական հանցագործության համար: Նախիջևանը պետք է դառնա նաև ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը: Սփյուռքը նույնպես ամբողջությամբ պետք է լծվի այդ գործին, երկրորդ պլան մղելով Ցեղասպանության ճանաչման գործընթացը:


Ժիրայր Սէ‎ֆիլյանի հայտարարությունը դատական նիստի ընթացքում

July 11, 2007

Առաջին մասը իմ հայտարարության բաղկացած է չորս տեղեկատվական փաստերից:

Առաջինը. ինձ ձերբկալելուց երկու օր անց, տվյալ փաստով մտահոգ իմ մտերիմներից մեկը, պարզաբանման նպատակով, դիմում է Քոչարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկին, իմանալու համար, թե ինչ է կատարվում: Նրան պատասխանում են հետևյալը. “մինչև ընտրությունների ավարտը պահելու են, մնալու են մեկուսարանում, սա քաղաքական որոշում է ամենաբարձր մակարդակով:” Այսինքն մեր երկրում կան մարդիկ, որ իրենք իրենց համարում են օրենքից բարձր:

Երկրորդ. մեկ-մեկուկես ամիս անց, այս խնդրով մտահոգ ուրիշ մի անձնավորություն ուղղակի Քոչարյանից ուզում է իմանալ, թե այս ի՞նչ գործ է: Վերջինս պատասխանում է. “Նրանց գործում ոչ մի բան էլ չկա, պարզապես մենք տեղեկություն ենք ունեցել, որ նրանք ընտրություններից հետո պատրաստում են ուժային գործողություններ ու ակցիաներ կատարելու”: Պարզ է, որ այդ տեղեկությունները եղել են ենթադրության սահմաններում և պարզվում է, որ ենթադրություններով, մեր երկրում, հնարավոր է մարդկանց ձերբակալել ու ամիսներ բանտում պահել:

Երրորդ. ապրիլ ամսվա մեջ մեր գործով մտահոգ մի այլ մարդ Քոչարյանից ուզում է իմանալ, թե ինչու եք շարունակում բանտում պահել Ժիրայրին: Վերջինս խիստ զայրացած պատասխանում է. “դատելու եմ և հետո էլ արտաքսելու եմ”: Փաստորեն այս մարդն ինքն իրեն պատկերացնում է ոչ միայն նախագահ, այլև ամենաուժեղ դատավոր ու դատախազ:

Չորրորդ. հունիսի սկզբին Քոչարյանի աշխատակազմի պաշտոնյաներից կրկին փորձում են իմանալ, թե երբ է վերջ տրվելու այս խայտառակ գործին: Քոչարյանը պատասխանում է. “Երևում է նա իրեն լավ է զգում մեկուսարանում, որը մեջ հայտարարություններ է անում, քանի այդպես է, մի գուցե նրան պահենք մինչև նախագահական ընտրություններ” Այսինքն, այս մարդիկ, ես նկատի ունեմ Քոչարյանին և Սերժիկ Սարգսյանին, կարծում են, որ մեզ բանտարկելով, ազատազրկելով, մենք պիտի հրաժարվենք մեր գաղափարներից, մեր հայացքներից, հայտարարություններ անելուց, ազատ կարծիք արտահայտելուց: Այս մարդկանց մակարդակը փաստորեն այդքան է, դժբախտաբար:

 Անցնեմ իմ հայտարարության երկրորդ մասին, հարց բարձրացնելով, որ այս իշխող համակարգը իրավունք ունի պետություն կոչվելու կամ ոչ: Միանգամից պատասխանեմ` ոչ: Ինչո՞ւ: Փորձեմ հիմնավորել:

Պետությունները ստեղծվում են, առաջին հերթին, տվյալ ժողովրդի կյանքը կազմակերպելու, հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու, ապագան ապահովելու համար, և այլն: Այսինքն պետությունը, պետական համակարգը առհասարակ ծառայողական համակարգ է` ծառայող ժողովրդին, ընդհանուրին: Բայց այսօր մեզ մոտ այդպես չէ: Այսօր այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատների: Փորձեմ մի փոքր պատմական ակնարկ անել մեր այս կարճատև անկախության տարիների, հասնելով մինչև 1991թ, ուզում եմ համեմատություններ անցկացնել: Իմ կարծիքով 1991թ-ին մենք ունեցել ենք պետականություն` ի տարբերություն այսօրվա: Իհարկե այդ օրերին պետական հաստատությունները դեռ կայացած չէին` նախարարությունները, վարչությունները, վերստուգիչներն ու վերահսկիչները: Ուզում եմ ասել, որ այդ հաստատություններով չէ, որ պետությունը պետություն է դառնում, այլ մտածելակերպով: Եթե համակարգում կան մարդիկ, որ պետական մտածելակերպ ունեն, ապա այդ համակարգը կշնչի պետականորեն: Ի տարբերություն այս օրերին, 1991-ին ես կարծում եմ, որ մեր ժողովրդի 15 տարիների պատմության պետականության պիկն էր, որովհետև եթե փորձենք հիշել, 1991-ին, և քաղաքական վերնախավը, և ժողովուրդը, բոլորս առաջին հերթին ընդհանուրի շահն էինք ասում: Սակայն, ցավոք սրտի դա շատ կարժ տևեց և 1992-ից անկումն ու պետականության կորուստը սկսվեց: Ես չեմ կարող չհիշել մեր վաղամեռիկ քաղաքական դավադրությունների զոհ, Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունը: Ես կասեի, որ դա սկիզբն էր մեր պետականության անկման: Այդ օրերից սկսվեց դժբախտաբար հատվածական պայքարը մեր ժողովրդի մեջ, ինչ-որ կուսակցությունների անունով, կապ չունի: Դա ուղղակի թայֆաների պայքար էր: Այդ պայքարը շարունակվեց երկար, որի արդյունքում տուժեցինք մենք բոլորս, տուժեց մեր ապագան: 1992-ից այդ անկումը սկսվեց դանդաղ, բայց հետևողական այն շարունակվեց մինչև 1999 հոկտեմբեր 27-ը: Մինչև դա, և լևոնյան իշխանության ժամանակ, և վազգենյան իշխանության ժամանակ, եղել են փորձեր այդ անկումը կանգնեցնելու: Պետական հակարգում կային մարդիկ, որոնք մտածում էին այն մասին, որ գոյություն ունեն պետական շահեր: Նույնիսկ երբ Տեր-Պետրոսյանը կամ Վազգենը սխալներ էին անում, իրենց հուշողներ կային, իրենք էլ նրանց լսում էին: Օրինակ, 1994-ին Դաշնակցության արգելումը, որ մեծ սխալ էր ազգային իմաստով: Ամիսներ անց նույն լևոնյան իշխանությունները, նրա գիտությամբ, բանակցություններ սկսեցին Դաշնակցության ղեկավարության հետ, որպեսզի այդ խայտառակ իրավիճակից դուրս գալու ելքը գտնեն: Այսինքն, նույն լևոնյան իշխանությունը, որին ես չեմ ընդունել այն ժամանակ և այսօր էլ չեմ ընդունում, բայց փաստը արձանագրում եմ, որ այնտեղ կային մարդիկ, որ մտածում էին հայ ազգ, Հայաստան, Սփյուռք և այլ հասկացություններով: Նույն ձևով կարող ենք հիշել 1996-ի իշխանության արկածախնդրությունը, ժողովրդի վրա կրակելը: Բայց անմիջապես դրանից հետո ընդդիմության հետ լեզու գտնելու փորձեր եղան: Այսինքն, իրենց սխալը ընդունում էին ու փորձում էին լուծումներ գտնել, ի շահ բոլորիս, ժողովրդի` ի տարբերություն այսօրվա իշխանությունների: Դա տևեց մինչև 1999թ: Հոկտեմբեր 27-ից հետո մեր պետականության անկումը սրընթաց եղավ և տևեց մինչև 2003թ նախագահական ընտրությունները, որտեղ Քոչարյանը ինքն իրեն նշանակեց նախագահ և մեր պետականության ‎‎ֆոնդը սպառվեց զրո մակարդակի: 2003թ-ից այսօր Հայաստանում գոյություն չունի պետություն: Կա մի համակարգ, որ կոչվում է իշխանություն, որի գլխին կանգնած են մի խումբ մարդիկ և այդ համակարգը ամբողջությամբ ծառայեցնում են իրենց հարստություն դիզելու և լծակները վերահսկելու համար, և դա անելուց հետո, հիմա, մեկ խնդիր ունեն, ինչպես պահպանել աթոռը: Ուրիշ խնդիր չկա:

Այս պայմաններում խոսել դատական անկախ համակարգի, դատավարության մասին, ուղղակի անհեթեություն է: Ես սա դատարան չեմ համարում: Սա դահլիճ է, որտեղ օրը մի քանի անգամ պղծվում է մեր սուրբ եռագույնն ու զինանշանը: Այսօրվա դատական համակարգում ընդգրկված են դատավորներ, որոնք հոգի չունեն: (Դատավորը խնդրեց չվիրավորել դատարանին) Ես ոչ մեկի անձը վիրավորելու տրամադրություն չունեմ: Եթե դու (դիմելով դատավորին), Մնացական Մարտիրոսյան, անկախ դատավոր լինեիր, այս գործը չէիր ստանձնի: (Դատավորը միջամտում է, պահանջելով իրեն դիմել “հարգելի դատարան” արտահայտությամբ: Ժիրայր Սէֆիլյանը պատասխանում է, որ դժվար է դա անել և շարունակում է) Այս գործը վարույթ ընդունելիս, դու պետք է այն 301-ի մասով կասեցնեիր: Ինձ համար զարմանալի չէ, որ այս գործը չկասեցվեց, որովհետև գիտեմ ձեր դատական գործունեության անցյալը` Պողոս Պողոսյանին սպանողներին ազատության մեջ թողնելը և պատվիրատուի ուղղությամբ նշույլ անգամ դատաքննություն չանցկացնելը: Երբ իմացա, այլևս չզարմացա, որ 301-ով գործը ընդունվել է վարույթ: Ամփոփելով և նկատի առնելով բոլոր հանգամանքները ես հրաժարվում եմ ցուցմունք տալ այս սուտ դատարանին, բայց քանի որ ես այստեղ մենակ չեմ մեղադրյալի աթոռին, ես լիազորել եմ իմ պաշտպաններին, որ իմ անձի հետ կապված ինչ հարցեր որ լինեն, իրենք պատասխանեն, նպատակ ունենալով չձգձգել դատավարությունը: Ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց, միաժամանակ հայտարարում եմ, որ օգտվելու եմ իմ հայտարարությունների իրավունքից: Խոսքս ուղղում եմ նաև այսօրվա իշխանություններին, ասելով, որ մեզ 7 ամիս չէ, ուզում եք 7 տարի պահեք, մենք մեր հավատքից, գաղափարներից, գործունեությունից, նպատակներից հրաժարվողը չենք: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը և հասնելու ենք մեր նպատակին, որն է ապագա բարոյական Հայաստանի կերտումը: 


Բաց նամակ ջավախահայությանը 

March 10, 2007

Սիրելի ջավախքցիներ,  Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները ծրագրել են այս տարի սկսել Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը: Հայ մարդիկ դեմ են այս նախագծին ոչ այն պատճառով, որ երկաթուղային հաղորդակցությունը շրջանցում է Հայաստանի հանրապետության տարածքը, այլ այն պատճառով, որ սա շատ վտանգավոր օղակ է Հայաստանը հյուսիսից շրջափակող պանթուրանական ծրագրերում: Այս հակահայ նախագծի հարվածն ուղղված է Ջավախքի սրտին: Նպատակն է հայաթափել այն և բնակեցնել օտար տարրերով, որոնք պետք է թափանցեն երկրամաս որպես շինարարներ և երկաթգիծը սպասարկողներ:  Ցավոք Հայաստանի կառավարությունը այդպես էլ չհասկացավ խնդրի բուն էությունը: Նա թեև դեմ էր արտահայտվում նոր երկաթգծի շինարարությանը, բայց միայն այն պատճառով, որպեսզի դրա փոխարեն գործարկվի Գյումրի-Կարսը և Հայաստանի բյուջեն էլ մի քանի ցենտի օգուտ ստանա պանթուրքական հաղորդակցությունից: Այնինչ խնդիրը առաջին հերթին քաղաքական է և մեր տարածաշրջանին սպառնում է ամբողջական թրքացմամբ` տնտեսական, մշակութային, քաղաքական, ժողովրդագրական իմաստով:  Ջավախքյան ազգային շարժման վերջին տարիների վերազարթոնքը հույս էր ներշնչում, որ համեմատաբար հեշտությամբ կհաջողվի կասեցնել թուրք-վրացական այս նախագիծը: Սակայն այս դեպքում էլ ազգային շահերին դավաճանող հայաստանյան վարչախումբը ոչ միայն չաջակցեց ջավախահայությանը, այլև ամեն կերպ փորձեց խափանել նրա պայքարը, հուսահատեցնել և զրկել թիկունքից, ձերբակալեց և արտաքսեց հակահայ նախագծի դեմ պայքարող գործիչ Վահագն Չախալյանին: Նման վարքագիծ են դրսևորում նաև վրացական պետությանը ծառայող տեղացի չինովնիկները:  Սակայն ես համոզված եմ, որ Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները շատ լավ են գիտակցում ոչ միայն երկրամասի, այլև ամբողջ հայության գլխին կախված սպառնալիքը և իրենց մեջ ուժ կգտնեն խափանելու հակահայ այս նախագիծը: Վստահ եմ, որ վճռական պահին նրանք կունենան նաև համայն հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայության աջակցությունը: Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել հայ ժողովրդի ազատատենչ կամքը: Ուրեմն չվհատվենք և պաշտպանենք մեր երկիրը թրքական շրջափակման աճող սպառնալիքից:  Ժիրայր Սէ‎ֆիլյան


Ժիրայր Սէ‎ֆիլյանի ելույթը Կամավորականների Համախմբման

December 2, 2006

Նախ ուզում եմ Արային ներկայացնել: Արայիկ Հայրապետյանը մեր զոհված ընկերոջ` Մայոր Հայրապետյանի զավակն է:

Վերջին տարիներին, ընդհանրապես, հանդես ենք եկել հայտարարություններով, հիմնականում հիշելով, շեշտելով ազատագրված տարածքների շուրջ անցուդարձերը: Բայց արդեն, ինչպես նկատեցինք, միայն հայտարարության կոչով մենք արդեն դուրս ենք եկել այդ նեղ շրջանակից և պատկերացնում ենք ամեն իմաստով զբաղվել մեր ազգային բոլոր խնդիրներով: Այդ տարիների ընթացքին շատերն են մեզ մոտենում և հարցնում. “Տղերք, էս իրո՞ք որ ուզում են տարածքները վերադարձնեն”: Ես ուզում եմ էդ հարցին հիմա պատասխանել և դրանից հետո եկեք չխոսենք դրա մասին: Ես, առիթ եղել է, մամուլով հայտարարել ենք, հիմա նույնպես կրկնում եմ. ով որ համարձակվի հող զիջելու, դրա գլուխը ջարդելու ենք, տրաքացնելու ենք, և սա, դուք հավատացեք, որ մեր երկրում կան շատ մարդիկ, որոնք դա կատարելու են: (Այս խոսքերի համար Ժիրայր Սէ‎ֆիլյանին ԱԱԾ-ն չի մեղադրում)

Անցանք առաջ: Էլ չենք խոսում ազատագրված տարածքների մասին: Ինչպես մեր ընկեր Աղայանը շեշտեց, որ “Հայ Կամավորական” ասելով մենք չենք հասկանում միայն պատերազմի մասնակից, ես նույնպես ուզում եմ ընդգծել դա, որովհետև գործը այդպես ենք մենք սկսել: Միայն պատերազմի մասնակիցներով չէ, որ մենք սկսել ենք: Այստեղ նաև ուզում եմ անդրադառնալ ասելու համար, որ պատերազմի մասնակիցների մեծ մասն էլ, դժբախտաբար, այսօր մեզ պետք չեն: Սա ես ամենայն ցավով եմ ասում, բայց այդպես է: Այսինքն պատերազմի մասնակիցների որակական հատկանիշները մեզ այսօր չեն բավարարի, որ մենք այս պատերազմը կարողանանք հաղթել, մենք այսօր շատ ավելի լուրջ, դժվար խնդրի առաջ ենք կանգնած, ուստի մեր որակը շատ ավելի բարձր պիտի լինի, քան 14 տարի առաջ, որ էր:

Ուրեմն, մենք պետք է շեշտը դնենք մեր կազմակերպվելու վրա: Այստեղ պարբերաբար ելույթների ընթացքում մտքեր հայտնեցին, որ “ի՞նչ անել, հերիք է: Եկեք միջոցների մեջ խտրականություն չդնենք” Ես համաձայն եմ, իրոք, չդնենք, բայց եկեք նախ կազմակերպվենք: (Այս խոսքերը դրված են մեղադրանքի հիմքում) Այս 14 տարին, որ մեր երկիրը այս վիճակին է, պատճառը մեկն է, որ չկա մի կազմակերպված ուժ, որն ըստ էության առաջնորդվում է ազգային գաղափարներով, ազգային արժեքներով, այդպիսի ուժ գոյություն չունի, կազմակերպված այդպիսի ուժ գոյություն չունի: Այդպիսի անհատներ կան, մեր խնդիրն է այդ մարդկանց գտնելը, համախմբելը և կազմակերպելն անմիջապես: Մենք կազմակերպվել չենք պատկերացնում առանց կարգապահության: Մենք պետք է մեր գիտակցական կարգապահությունը, ինչ ունեինք 90 թվին, 88 թվին, 92 թվին, որ մեր կամավոր շարք կանգնելուց ոչ մեկը մեզ չի ստիպել, որ մենք շարք կանգնենք: Ես տարիքով շատ փոքր եմ եղել 92 թվին, մեր զորամասի, մեր ջոկատների անդամների մեծ մասը ինձնից միգուցե կրկնակի ավելի մեծ էին տարիքով, բայց այդ մարդկանց ես չէի ստիպում, որ իրենք գան կանգնեն իմ առաջ շարքի, իրենք կամավոր եկել էին, գիտակցում էին, որ առանց շարք կանգնելու բանակ ստեղծել հնարավոր չէ: Այսօր մենք նույնպես պիտի հասնենք այդ նույն հոգեվիճակին: Բոլորս պետք հասնենք նրան, որ կանգնենք շարքի: Եթե այդ հոգեվիճակին մենք չհասանք, ոչ մի գործ առաջ չի գնալու:

Մենք, որպես ազգ, անշուշտ, դրական կողմեր շատ ունենք, բացասական կողմեր էլ շատ ունենք: Դրանցից է այն, որ բոլորս շատ ենք սիրում մեր անձնական մեր տունը, մեր սեփական տունը` փոքրիկ տան մասին է խոսքը: Մեր ընտանիքը վերածում ենք մեր ամրոցի, մեր տունը մեր ամրոցն է, և իմ համոզմամբ սա շատ մեծ վնաս է հասցնում մեր ազգային լուրջ խնդիրները լուծելու համար: Ժամանակը եկել է, որ մենք համարենք մեր տունը, մեծ տունը, խոսքը գնում է հայրենիք տան մասին, այսինքն, մենք մինչև այն ժամանակ, որ չենք գիտակցում, որ մեծ տան համար եթե զոհողություններ չենք անելու, որ մեծ տունը կառուցենք, փոքր տունը պահպանելը, պաշտպանելն անիմաստ է: Իմ համոզումն է, որ մենք, այո, խնդրեմ, մեր ընտանիքը, մենք հայերս . . . պաշտություն չունենք, բայց անպայման մենք պետք է մեր տան համար գործ անենք, ամեն մեկս` իր չափի: Մեկը կարող է օրը 2 ժամ տրամադրի, մեկը 1 ժամ տրամադրի: Մեկը շաբաթը երկու օր կարող է տրամադրի, ամեն մեկս իր չափի, անպայման, բայց մենք ինչ-որ քայլ, ինչ որ գործողություն պետք է կատարենք, ընդհանուր տունը կառուցելու համար: Այս գիտակցությունը եթե չգերիշխեց, մենք առաջ չենք գնա: Մեր համախմբման կարևոր հանգամանքներից մեկն նաև այն է, որ մենք ուզում ենք գտնել մարդկանց, որոնք չեն վաճառվում: Կա՞ն այդպիսի մարդիկ մեր երկրում: Հարց եմ տալիս ձեզ` կա՞ն: /”Այո, այո”, դահլիճում/: Միլիոնների դիմաց չվաճառվող մարդ կա՞: /”Այո, փառք աստծո, կան”, դահլիճում/: Եկեք գտնենք այդ մարդկանց: Պատկերացրեք դուք, գաղափարական մարդուց հզոր բան չկա այս աշխարհում: Հարյուր հոգի գաղափական մարդը սարեր շուռ կտա: Եկեք գտնենք այդ մարդկանց: Ես համոզված եմ, որ Հայսատանում կան, ոչ թե քաղաքական դաշտում են, հիմնականում քաղաքական դաշտում կարող են բացառություններ լինեն, այլ հիմնականում տներում են, սուսուփուս, ձայն չեն հանում: Հիասթափված, իրենք իրենց հույս/զ/երով են զբաղվում, և մարմնապես և հոգեպես: Եկեք գտնենք այդ մարդկանց: Մեր խնդիրն է, այս համախմբման խնդիրն է այդ մարդկանց փնտրել ու ի հայտ բերել, և, անշուշտ, անմիջապես կազմակերպելը: Նորից եմ շեշտում, մինչև չկազմակերպվենք, ոչ մի գործ առաջ չի գնալու: “Քոչարյան, Սերժ, հեռացիր” կրկնելով, իրենք չեն հեռանա, այս մարդիկ խաղաղ ցույցերով չեն հեռանա, ես ձեզ հավաստիացնում եմ, դրսի ճնշումով չեն հեռանալու: Եթե մենք կազմակերպվեցինք և կարողացանք որակական լուրջ ուժ ստեղծել, իրենք հեռանալու են: (Այս խոսքերը նույնպես դրված են մեղադրանքի հիմքում) /”Ու՞շ չի”, դահլիճից/: Ուշ չի երբեք, մինչև այն ժամանակ, որ . . . էինք, ուշ չի, տակավին մենք մեր ազգային իդեալների իմաստով շատ ծրագրեր ունենք կատարելու, և ես լավատես եմ այս իմաստով: Արցախյան ազատագրական պայքարը վկա, որ մենք պատմության անիվը վերջապես կարողացանք հակառակը պտտացնել` առաջին անգամ լինելով` 2000 տարվա մեջ, և պիտի շարունակենք պտտացնել այդ անիվը այդ ուղղությամբ: Անշուշտ, մենք չպատերազմեցինք այսօրվա վիճակը տեսնելու համար, չպատերազմեցինք այսօրվա այս անբարո, այս այլանդակ, այլասերված վիճակի համար, մեր ժողովրդին ստրկացնելու, խեղճացնելու վիճակի համար: Սա մեր համար ցավ է, բայց ի՞նչ ասեմ: Գուցե՞ պիտի այսքան վատանար, որ մենք խելքի գայինք: Գուցե: Իմ ընկերներից շատերը շեշտեցին, որ “եկեք չմեղադրենք իշխանավորներին”, ես լիովին կիսում եմ իրենց կարծիքը: Ռոբիկներ, Սերժիկներ, մեղավոր չեն, պարզապես իրենք մեր ազգի տականքի ներկայացուցիչներն են և իրենք իրենց “տականքությունն” են անում: Այստեղ զարմանալու խնդիր չկա, ոչ էլ մեղադրելու խնդիր կա: Մենք պետք է մեղադրենք մեզ, ու՞ր ենք մենք, ինչո՞ւ չենք կազմակերպվում, բոլորս, ամեն մեկս մի առանձին գեներալ ենք: Մեր հայկական հիվանդությունից մեկն է: Ամեն մի հայ` մի գեներալ, իրոք, ես կարծում եմ, որակապես այսպիսին ենք բոլորս, բայց եկեք գիտակցենք, որ այսօր նաև զինվորություն անելու խնդիր ունենք: Գեներալ ես, բայց արի ասա, որ ախպերս ջան, եկել եմ այս պահին զինվորություն անեմ: Այս գիտակցությունը եթե մենք կարողանանք վերագտնենք մեր մեջ, մեր գործը առաջ կգնա: Այսպես ասած, իրար հետ անընդհատ վիճելով` այս ձևն է ճիշտը, այն ձևն է ճիշտը, այսպես չի լինի, այս գաղափարը, այն գաղափարը: Այդպես չէ’: Եկեք վստահենք մի խումբ մարդկանց: Եթե այսօր ինձ վստահել եք և եկել եք այստեղ, եկեք շարունակենք վստահությունը և միասին գործ անենք: Եկեք ծառայենք ամեն մեկս մե’ր չափով: Մի խոսքով, ընկերը մոռացավ հուշելու, որ ես կուզեի առիթ տալ, եթե հարցեր կան, ես կպատասխանեմ: Ես մի միտք էլ ասեմ ու անցնենք հարցերին: Մեր համախմբումը ունի գլխավորապես երկու այսպես ասած խնդիր` մեկը հեռահար, մյուսը` կարճաժամկետ: Հեռահարը, որը կորակեի որպես ստրատեգիա, կարճաժամկետը` որպես տակտիկա: Հեռահարն է. վերջ ի վերջո մենք կկարողանանք մեր երկրում ստեղծել գաղափարական զորք, գաղափարականացված քաղաքական միավոր, որում իշխելու է ազգային-գաղափարական արժեքները, ազգային արժեքները, քրիստոնեական ինչու չէ, նաև հոգևոր արժեքները, որը մենք ժառանգել ենք մեր պապերից: Վերջ ի վերջո, ես համառոտ պետք է ասեմ. գաղափարախոսության առանցքը պետք է լինի բարոյականությունը և մեր բոլոր ծրագրերը պետք է ծնվեն բարոյականությունից: Ես համարում եմ , որ մենք, հայերս, այս վիճակի ենք, այսպիսի խղճուկ վիճակի ենք այսօր ոչ միայն Հայաստանում, աշխարհով մեկ, որովհետև մենք շատ հեռացել ենք մեր էությունից: Մեր էությունը բարոյականությունն է եղել: Ես սա գրավոր չեմ կարող հիմնավորել, ես դա գենետիկորեն զգում եմ, որ մենք, հայերս, գենետիկորեն, մեր անցյալում հազարամյակներ առաջ մեր էությունը եղել է բարոյականությունը: Մենք շեղվել ենք, դրա համար մենք այս վիճակին ենք: Այսօրվա մեր խեղճությունը, այսօրվա մեր ժողովրդի ստրկությունը մենք վաստակում ենք: Եկեք ուղղենք մենք մեզ: Ուստի հեռանկարային խնդիրն այս համախմբման վերջ ի վերջո ազգային գաղափարական շարժում սկսելն է, և այդ քաղաքական միավորով հայտ ներակայացնել և կամաց-կամաց սկսել մեր բոլոր խնդիրները լուծել: Բայց սա կարող է լինել մի քանի տարի, մինչև սա մենք կայացնենք: Մինչև սա չկայանա, որակական փոփոխություններ մենք չսպասենք, իսկ ունենք կարևորագույն մեկ խնդիր, որն է այս իշխանություններից ձերբազատվելը, այսինքն մենք այնքան պետք է կազմակերպվենք այս մի քանի ամիսը, որ կարողանանք չթողնել այս մարդկանց վերարտադրվելը, որովհետև եթե վերարատադրվեն, մեր հեռանկարային գործը մենք իրականացնելու համար լուրջ դժվարություն ենք ունենալու: Այս հրեշները վերարատադրվելուց հետո շատ ավելի վտանգավոր են լինելու: Այս մի քանի ամիսը մեզ շատ կարևոր է, որ մենք կազմակերպվենք: Մեր կազմակերպելով, ինչու չէ նաև ընդդիմությանը որոշ չափով կազմակերպենք: Այնպես լինի, որ այս անգամվա ընդդիմության տակտիկան պայքարի, ինչ-որ չափով արդյունքի հասնի: Ինչու չէ, պատկերացնենք, որ մենք ինչքան կազմակերպվենք, այնքան մենք ընդդիմությանը խոսք կարող ենք հասկացնել, սկիզբը խոսքով, եթե պետք լինի նաև վախեցնելով, պարտադրելով, ինչու չէ, դա մեզանից է կախված, ես մենակ բան չեմ կարա անեմ, հիսուն հոգով բան չենք կարա անենք, մենք պետք է շատ լինենք, որ մեր խոսքը կարողանանք պարտադրել նաև ընդդիմությանը: (Սա էլ է դրված մեղադրանքի հիմքում) Մենք այսօր ավելի շատ ասելիք ու բացատրելու խնդիր ունենք ընդդիմությանը, այլ ոչ թե իշխանությանը: Իշխանության մասին որակումներ տալը անիմաստ է, չեմ էլ ուզում խորանալ այսօր մեր երկրում տիրող ահավոր վիճակի մասին: Առանձին-առանձին ոլորտները թվարկելը անիմաստ եմ համարում, որովհետև բոլորս էլ գիտենք դա, բոլորս էլ համամիտ ենք: Ես մի բան կարամ ճշտեմ այս իմաստով, որ հայը առաջին անգամ իր երկրում, իր հողի վրա, պատմաբան չեմ, չգիտեմ պատահել է տենց, որ հայը առաջին անգամ իր հողի վրա ձուլվում է: Այսօր Երևանում մեր երիտասարդներից շատերը ձուլվում են, իրենք անունով հայեր են մեծանում, բայց էությամբ հայեր չեն: Սա, ես կարծում եմ արդեն դանակը ոսկորին հասել է:

Եթե հարցեր կան ես պատրաստ եմ պատասխանելու:

 Նորից ուզում եմ անդրադառնալ շարժման մեր ընկերների կոչերին. “միջոց չխնայենք, ընտրություն չդնենք միջոցների մեջ”, համամիտ եմ, բայց նախ եկեք կազմակերպվենք: Խոսելով, որ զենքով պիտի լուծենք հարցը, դա ես անիմաստ եմ համարում: Եկեք այսօր չխոսենք, թե ինչ ձևով մենք պիտի կարողանանք մեր երկիրը, այս մարդկանց, սկսելու համար, հեռացնենք, հետո արդեն լուրջ հարցեր լուծենք: Ես ուզում եմ, որ եկող ամիսներին մենք երբեք ձևերի մասին չմտածենք, ձևերի մասին չքննարկենք ու չվիճենք իրար հետ, եկեք միայն կազմակերպվենք: Առանց կազմակերպվելու անիմաստ է զրուցելը: Տաս տարի է զրուցում ենք և այսօր տեսնում ենք քաղաքական դաշտում ամեն օր մի նոր օղակ, խնդրեմ, լավ խոսքեր են ասում “ավլելու ենք, սրբելու ենք դաշտը”, ո՞նց, գնացեք մի հատ սրբեք` տեսնենք, Ռոբերտ Քոչարյանին ո՞նց եք սրբելու, ինչպե՞ս եք սրբելու: Ո՞ւմ եք խաբում, այսինքն` ինչ, հերթական անգամ ժողովրդին տանենք Բաղրամյան փողոց և նորից ժողովրդին ծեծեն ու չկարողանք պաշտպանել: Սա ուղղակի անհեթեթություն է: Ես ոչ մեկի չեմ ուզում քննադատել: Բայց ես ուզում եմ, որ մենք, բոլոր այստեղ հավաքվածներս, այս մասով իրար հասկանանք, որ մինչև մենք չկազմակերպվենք, մինչև մի քանի հազար հոգի մարդ մի մարդու նման ոտքի կանգնել ու նստել չսովորենք, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չենք կարողանալու անենք: Իսկ ինչ վերաբերվում է իմ նկատմամբ ձեր վստահությանը, որի համար շնորհակալ եմ բոլորիցդ, որ այսօր ներկա եք այստեղ, ես վստահեցնում եմ ձեզ, որ ես զգում եմ պատասխանատվությունը, այն բեռը, որ մենք վերցնելու ենք մեր վրա, ես իմ պատասխանատվությունը զգում եմ, և մեր այս համախմբումը անպայման հաջողացնելու ենք: Կարող է պատահի քայլելուց կաղանք, բայց անպայման մենք հաջողացնելու ենք: Եվ ես համոզված եմ, որ Աստված մեզ հետ է: