Խաղաղ ցուցարարների մարտիմեկյան դավադիր ջարդից ու գազանաբարո սպանդից հետո այլեւս դժվար է որեւէ մեկին զարմացնել վարչախմբի նոր ապօրինությամբ կամ անբարոյական արարքով:
Բոլորն են բռնության մեքենայի պոտենցիալ թիրախ՝ ամենաաղքատ մարդուց մինչեւ ամենահարուստը, ամենասովորական մարդուց մինչեւ հերոսը: Արցախյան ազատամարտում մեծագույն ներդրում ունեցող Ժիրայր Սեֆիլյանը՝ ժամանակին նույն այս վարչախմբի կողմից կեղծ մեղադրանքներով դատապարտված քաղբանտարկյալը, այսօր, ազատազրկման իր ժամկետի ավարտման նախօրերին, հայտնվել է հայրենիքից արտաքսման վտանգի տակ: Պատճառն այն է, որ, անազատության մեջ գտնվելով անգամ, Ժ.Սեֆիլյանը շարունակել է հավատարիմ մնալ իր հայրենասիրական մղումներին ու քաղաքական սկզբունքներին, բազմիցս հանդես է եկել հանցագործ վարչախմբի դեմ, ջերմորեն պաշտպանել վերջին նախագահական ընտրությունների առիթով բարձրացած Համաժողովրդական Շարժումը եւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Նրան արտաքսելու որոշումը մանր քինախնդրության խայտառակ ու ստորագույն դրսեւորում է: Իշխող հանցախումբը իրավունք չունի նման գործողության. Ժիրայր Սեֆիլյանը գործող օրենքներով ՀՀ քաղաքացիության իրավունք ունի: Ավելին՝ նույն այդ օրենքներով արգելվում է Հայաստանից արտաքսել որեւէ մեկին, որի խնամքի տակ երկու անչափահաս երեխա կա:
Համաժողովրդական Շարժումն իր զորակցությունն է հայտնում Արցախի հերոս Ժ.Սեֆիլյանին, դատապարտում է վարչախմբի կողմից ծրագրված այս ապօրինի ու անբարո գործողությունը, պահանջում դադարեցնել այն: Ազնվություն եւ արժանապատվություն ունեցող բոլոր մարդիկ պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել հերթական այս խայտառակության դեմ:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ