Ստորագրահավաք

May 31, 2008

 «Հայոց կանանց շարժում» նախաձեռնությունը մասշտաբային ակցիա է սկսել իշխանությունների կողմից Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին հանրապետությունից արտաքսելու որոշման դեմ: Այսօրվանից նախաձեռնության ակտիվիստները ստորագրահավաք են սկսում հանրապետության մարզերում ու քաղաքներում: Մեզ հետ հանդիպման ժամանակ կանանց շարժման ղեկավար Արմինե Գյուլգյուլյանը հայտարարեց. «Սեֆիլյանը ազգային հերոս է, իսկ ազգի հերոսը ազգինն է, ինչպես ազգինն է հայրենիքի հողը, ջուրը, ու ոչ ոք իրավունք չունի այն «սեփականաշնորհելու»: Իշխանավորները կարող են իրենց տանից վտարել նրան, եթե հանկարծ այնքան երջանկություն ունենան, որ Սեֆիլյանը իրենց տուն ոտք դնի: Հերոսի նկատմամբ նման վերաբերմունք ոչ մեկը նրանց թույլ չի տա: Կողջունենք յուրաքանչյուր աջակցություն այս ակցիային, եւ բոլոր նրանց, ովքեր կցանկանան օգնել մեզ»:


Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի

May 29, 2008

 

Խաղաղ ցուցարարների մարտիմեկյան դավադիր ջարդից ու գազանաբարո սպանդից հետո այլեւս դժվար է որեւէ մեկին զարմացնել վարչախմբի նոր ապօրինությամբ կամ անբարոյական արարքով:

 Բոլորն են բռնության մեքենայի պոտենցիալ թիրախ՝ ամենաաղքատ մարդուց մինչեւ ամենահարուստը, ամենասովորական մարդուց մինչեւ հերոսը: Արցախյան ազատամարտում մեծագույն ներդրում ունեցող Ժիրայր Սեֆիլյանը՝ ժամանակին նույն այս վարչախմբի կողմից կեղծ մեղադրանքներով դատապարտված քաղբանտարկյալը, այսօր, ազատազրկման իր ժամկետի ավարտման նախօրերին, հայտնվել է հայրենիքից արտաքսման վտանգի տակ: Պատճառն այն է, որ, անազատության մեջ գտնվելով անգամ, Ժ.Սեֆիլյանը շարունակել է հավատարիմ մնալ իր հայրենասիրական մղումներին ու քաղաքական սկզբունքներին, բազմիցս հանդես է եկել հանցագործ վարչախմբի դեմ, ջերմորեն պաշտպանել վերջին նախագահական ընտրությունների առիթով բարձրացած Համաժողովրդական Շարժումը եւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Նրան արտաքսելու որոշումը մանր քինախնդրության խայտառակ ու ստորագույն դրսեւորում է: Իշխող հանցախումբը իրավունք չունի նման գործողության. Ժիրայր Սեֆիլյանը գործող օրենքներով ՀՀ քաղաքացիության իրավունք ունի: Ավելին՝ նույն այդ օրենքներով արգելվում է Հայաստանից արտաքսել որեւէ մեկին, որի խնամքի տակ երկու անչափահաս երեխա կա:

Համաժողովրդական Շարժումն իր զորակցությունն է հայտնում Արցախի հերոս Ժ.Սեֆիլյանին, դատապարտում է վարչախմբի կողմից ծրագրված այս ապօրինի ու անբարո գործողությունը, պահանջում դադարեցնել այն: Ազնվություն եւ արժանապատվություն ունեցող բոլոր մարդիկ պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել հերթական այս խայտառակության դեմ:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ


Շտապ հաղորդագրություն

May 23, 2008

 

Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսված է: Ոստիկանությունը այդ հարցով արդեն դիմել է դատարան:

Դա տեղի է ունեցել հակառակ նրան, որ “Օտարերկրացիների մասին” ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետը միանշանակ արգելում է արտաքսել այն օտարերկացուն, որն իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա: Ժիրայր Սէֆիլյանը իր խնամքի տակ ունի երկու զավակ 1994թ և 2006թ ծնված: 

Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի

զորակցության կոմիտե 

23 մայիս 2008թ.