Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելու է Արցախը:

December 20, 2007

ՀՀ առաջին նախագահի ս/թ սեպտեմբերի 21-ի ելույթից հետո սերժա-քոչարյանական ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց քարոզչամեքենան, հայտնվելով խելակորույս վիճակում, տարաբնույթ մեղադրանքներով հարձակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վրա` այդ թվում այն չարչրկված մեղադրանքով, թե իբր նա ուզում էր ծախել Ղարաբաղը, կամ դա ուզում է իրականացնել նորից նախագահ դառնալուց հետո: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, այս ընթացքում, տարբեր հրապարակումներով կարողացել են հիմնավոր պատասխանել այդ սուտ մեղադրանքին, սակայն ես նույնպես իմ պարտքն եմ համարում անդրադառնալ դրան:

    Նախ ասեմ, որ 1998-ի սկզբին առկա չէր այնպիսի մի վիճակ, որ Արցախի հարցի կարգավորման պատճառով Լևոնը հարկադրաբար հրաժարական տար: Համոզված եմ, որ նա բոլորովին այլ պատճառներով հրաժարական ներկայացրեց, որի մասին այսօր հիշատակելը նպատակահարմար չեմ համարում: Եթե փորձենք համեմատել մինչև 1998թ և դրանից այս կողմ, թե ինչպիսի փաթեթներ են դրվել բանակցությունների սեղանին, ապա կնկատենք, որ նոր փաթեթը միշտ նախորդից վատն է եղել: Սակայն, չգիտես ինչու, այսօրվա ռեժիմի ջատագովները դրանք պարտվողական չեն համարել: Եկող օրերին մենք կհրապարակենք 1999թ հոկտեմբեր 27-ից հետո, Արցախի վերաբերյալ, այս ռեժիմի և նրան սպասարկող ուժերի հայտարարությունները, գաղափարներն ու պատկերացումները: Նպատակը մեկն է. կրկին անգամ հիշեցնել մեր ժողովրդին, թե ովքեր են մեղադրում Լևոնին, որն ի տարբերություն իրենց, օրին խոհեմություն ու համարձակություն ունեցավ գաղտնազերծելու փակ-գաղտնի համարվող բանակցությունների միտքն ու էությունը: Իսկ սրանք, կերպարանափոխվելով, ազգայնականի կեղծ դիմակի ներքո, ենթարկվեցին Մինսկի մխմբի եզրակացություն-հանձնարարությանը, թե “նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ”: Եվ այդ միտքն իրողություն դարձնելու համար հանձնարարվեց Հայաստանի իշխանություններին` նախապատրաստել մեր ժողովրդին ընդունելու այդ դժվարին զիջումները: Իսկ ժողովրդին “մշակելու” պարտավորությունը ստանձնած հակահայ ռեժիմը, պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, օգտագործելով քաղաքական ուժերի, զինվորականների, մտավորականների և այլոց կախվածությունը իրենիցից, պարտադրեցին նրանց պաշտպանելու տարածքային զիջումների գիծը:

    Ի տարբերություն սրանց, Լևոնը Արցախի հարցում երբեք չի անցել քաղաքական բանավեճի սահմանը, իսկ այդ բանավեճում միշտ հղում է արել Արցախի իշխանություններին ու ժողովրդին, ասելով, որ վերջին խոսքը նրանցն է: Իսկ Քոչարյանի օրոք Արցախը ընդհանրապես դուրս եկավ գործընթացից և հարցերը որոշում էին երկու մարդ: Եթե Լևոնի ժամանակ Ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրերին տրվում էր հատուկ (սակայն ոչ բավարար) ուշադրություն ու հատուկ արտոնություններ` վերաբնակիչներին, որի հետևանքով նրանց թիվը օր-օրի ավելանում էր, իսկ սրանք կատարեցին ճիշտ հակառակը` վերացնելով բոլոր արտոնությունները, այդ գործին նշանակեցին մի մարդու, որին դժվար է նույնիսկ մարդ անվանել և կարճ ժամկետում վերաբնակեցվածների թիվը կիսով չափ կրճատվեց:

    Քաղաքականություն վերադառնալով, իհարկե, Լևոնը չի հրաժարվում իր նախկին արտահայտություններից, սակայն ավելացնում է, որ այս իշխանությունների վերջին 10 տարիների ապիկար գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ “Այսուհետև նրանք (ադրբեջանցիները) ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ ինչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար…”: Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ակնարկում է, որ չի շտապելու հարցը լուծել, ինչը նշանակում է նաև հարցի լուծման ձգձգում: Իսկ ահա Սերժիկը շատ ակտիվ է այս հարցում: Նա ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, տարածքները չենք ազատագրել, այլ գրավել ենք, որ հետո առևտուր անելով հանձնենք: Շաբաթներ առաջ, Մոսկվայում, նա անգամ հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ բոլորովին վերջերս, Բրյուսելում, բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, տառապելով նախագահ դառնալու պատրանքով և առաջ ընկնելով ժամանակներից, հայտարարեց, որ ինքն այսօր իսկ պատրաստ է ստորագրել առկա նախնական սկզբունքային փաստաթղթի տակ: Իհարկե որևէ մեկին գաղտնիք չէ, որ այդ սկզբունքների առանցքը կազմում է ազատագրված տարածքների վերադարձը հակառակորդին:

    Ես կտրուկ դեմ եմ այն մտքին, որ Լևոնը Արցախը հանձնող նախագահ է: Դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Այո, նրա հետ Արցախի խնդրում մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որից հիմնականը կայանում է նրանում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք բանակցությունների սեղանին տեսնել տարածքային զիջումների հետ կապված որևէ փաստաթուղթ: Միաժամանակ համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները, որպես հայ մարդիկ, իրենց սրտի խորքում նույնպես դեմ են տարածքներ զիջելուն, սակայն, ի տարբերություն մեզ, լինելով պրագմատիկ (օգտապաշտ) գործիչներ, նրանք համոզված են, որ առանց զիջումների խնդիրը չի լուծվի: Հետևաբար, եթե նրանց ներկայացվի հարցի լուծման այլ ելք, որը հնարավոր կդարձնի առանց զիջումների իրականացնել տարածաշրջանի կայունացման կարգավորման ծրագրեր (երկաթգծի և տրանսպորտի վերագործարկում և այլն), ապա մեր կարծիքով իրենք կհամաձայնվեն այդ տարբերակին: Իսկ այն հարցին, թե կա՞ արդյոք հարցի լուծման այլ տարբերակ: Այո, կա այդ տարբերակը: Այս հակահայ վարչախմբին ասպարեզից դուրս քշելուց հետո մենք այն կդնենք շրջանառության մեջ, որը համոզված ենք, որ միաժամանակ կարժանանա նաև ժողովրդի հավանությանը:

    Այսօր, ի դժբախտություն մեզ, մենք չենք կարող պետություն անվանել գործող կառավարող համակարգը: Ես համոզված եմ, որ իշխանության գալով Լևոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը: Եվ այսօր կողմ լինելով նրա վերադարձին, դա չի նշանակում կողմ լինել ազատագրված տարածքները զիջելուն: Կրկնում եմ, որովհետև այս հարցը ներառված չէ “ավգյան ախոռները մաքրելու” ծրագրում: Ուստի այն վայրահաչություններն ու բանբասանքները, թե իբր նա գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք են և տգիտության արդյունք:

    Ամփոփելով, ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ հայկական որևէ իշխանություն չի համարձակվի հակառակորդին հանձնել հազարավոր մարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված մեր հայրենի տարածքները: Եվ եթե մի օր նման իրավիճակ առաջանա, ապա մենք մեր ժողովրդին ոտքի կհանենք ու կպայքարենք տարածքներ զիջող իշխանության դեմ:

    Ժիրայր Սէ‎ֆիլյան

    ”Ազատագրված տարածքների պաշտպանություն”

    հասարակական նախաձեռնության համակարգող

    20 դեկտեմբերի 2007թ.

    ”Վարդաշենի” բանտ


Ես համոզվեցի, որ այսօր նա(Լևոն Տեր-Պետրոսյանը) միակն է, որ կարողանալու է կանխել այս հանցագործ ռեժիմի վերարտադրումը:

December 5, 2007

Այսօրվա գործող հակահայ, կործանարար ռեժիմի վըանգավորության մասին նախորդ տարիներին ես բազմիցս ահազանգել եմ և այդ չարիքի դեմն առնելու կապակցությամբ փորձել ենք միշտ համախմբել ընդդիմադիր ուժերին: Համախմբման խիստ կարևորության և անհրաժեշտության մասին ընդգծել ու ընդգծում եմ նաև առաջիկա նախագահական ընտրությունների նախօրյակին:         

Եվ այս առումով, Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը Հայաստանի ընդդիմադիր դաշտում առաջ բերեց լուրջ դրական տեղաշարժեր: Վտանգավոր ռեժիմից ձերբազատվելու հարցում նախկին նախագահի ներկայությունն ու պատրաստակամությունը քաղաքական դաշտում մտցրեց նոր որակ և նոր հույս ներշնչեց երկար տարիներ ընդդիմությունից հուսախաբ եղած մեր ժողովրդին:       

Կարդալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները և հետևելով նրա քայլերին, ես համոզվեցի, որ այսօր նա միակն է, որ կարողանալու է կանխել այս հանցագործ ռեժիմի վերարտադրումը:         

ՈՒստի, ելնելով իմ այս համոզումից, ես ընդդիմադիր գործիչներին մամուլի միջոցով կոչ արեցի համախմբվել արդեն իսկ ձևավորված ծանրության կենտրոնի շուրջ, որը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ վերածվում է համազգային շարժման:         

Սակայն, այդ կոչը շատերի, ինչպես իմ գաղափարական համախոհների, այնպես էլ գաղափարական հակառակորդների կողմից տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ:           

Նշված մտահոգությունից ելնելով և նպատակ ունենալով հիմնավորել իմ այս որոշում-կեցվածքը, ես պատրաստ եմ համացանցի ստեղծած հնարավորությունների միջոցով մեկնաբանել, պարզաբանել ու հիմնավորել հիշատակված իմ մոտեցումները և պատասխանել ինձ ուղղված հարցերին:


Ուղերձ բանտից` Րաֆֆի Հովհաննիսյանին

December 4, 2007

Երեկ մենք գրություն ենք ստացել բանտում գտնվող ազգային հերոսներ Ժիրայր Սեֆիլյանից եւ Վարդան Մալխասյանից: Այն ուղղված է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուղերձը տպագրում ենք ամբողջությամբ:

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվության եւ համախմբման ներուժի շնորհիվ ընդդիմության դաշտում վերջապես ձեւավորվեց միասնական ճակատ, որը մեր ժողովրդին հույս ու վճռականություն է ներշնչել ազատվելու հակահայ, բռնատիրական ռեժիմից: Այն ռեժիմից, որն այսօր խուճապի վայնասուն է բարձրացրել: Նրա ծախու, ողորմելի կամակատարները, այլ ելք չունենալով, վերջին ճիգերն են թափում մթնոլորտը թունավորելու, ժողովրդի ինքնաբուխ շարժումն ու ընդվզումը վարկաբեկելու համար: Բայց, ի հեճուկս իրենց, միասնական ճակատի շարժումը օր առ օր նոր թափ ու շունչ է ստանում:

Միասնական ճակատ ասելով` մենք ի սկզբանե գիտակցել ենք, որ դա չի նշանակում բոլոր քաղաքական ուժերի միասնությունը մեկ թեկնածուի շուրջ, քանի որ միշտ էլ գտնվել են դիմակ հագած, շինծու ընդդիմադիր գործիչներ, որոնց միակ նպատակը եղել եւ մնում է նեղ անձնական շահը: Մենք նրանց չենք էլ ուզում տեսնել այսօրվա միասնական թեկնածուի` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Բայց նաեւ չենք կարողանում պատկերացնել արդեն իսկ ձեւավորված միասնական ճակատը առանց հայ ժողովրդի ամենաընդունելի գործիչներից մեկի` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որին մեր ժողովրդի զգալի մասը իրավամբ համարում է ազգային, ընդգրկուն ու լայնախոհ քաղաքական գործիչ: Եւ այդ լայնախոհությունն ու ազգային շահի հրամայականն այսօր թելադրում ու պահանջում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվի ընդդիմադիր ճակատին եւ դրանով օրինակ ծառայի դեռեւս չվարկաբեկված կուսակցությունների այն մոլորյալ առաջնորդներին, որոնք առ այսօր չգիտեն, թե ինչ են անում: Սիրելի Րաֆֆի, այս ուղերձի մտքերը կարող էինք քեզ փոխանցել մեր առանձին հանդիպման ժամանակ, քանզի դու միշտ այցելում ես մեզ եւ քո ուշադրության կենտրոնում ես պահում քաղբանտարկյալների հարցը: Բայց քանի որ մեր այս ցանկությունը միայն մեր սրտի խոսքը չէ, այլ այստեղ հավաքված բազմահազար հայ մարդկանց եւ մեր ժողովրդի սրտի խոսքն է, ուստի հարմար գտանք այն հնչեցնել ազգային պայքարի կենտրոն դարձած հենց այս` Ազատության հրապարակից: Մենք գիտենք, որ դու այդ քայլը կանես, որը մի նոր խորտակիչ հարված կհասցնի այսօրվա հանցագործ, մեռնող վարչախմբին: Եւ դրանով վերջնական կդառնա արդեն իսկ կանխորոշված մեր հաղթանակը: Ուրեմն, Րաֆֆի ջան, հաջորդ հանրահավաքին սպասում ենք քեզ այս հարթակում` Լեւոնի կողքին»:

 Ժիրայր Սեֆիլյան

Վարդան Մալխասյան

04.12.2007