Կպաշտպանենք միասնական թեկնածուին:

October 29, 2007

Այս ռեժիմի շնորհիվ անցած ինը տարիների ընթացքում մեր երկրում այդպես էլ չձեւավորվեց «քաղաքական դաշտ» հասկացությունը: Ինչպես անցյալ տարիներին, այնպես էլ այս օրերին մենք մնացել ենք այն կարծիքին, որ խիստ անհրաժեշտ է անհապաղ համախմբել մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր ուժերին: Այդ համախմբումը պետք է տեղի ունենա գլխավորապես մեկ խնդրի շուրջ՝ օր առաջ ձերբազատվել առկա հակահայ ռեժիմից: Այսօր խնդիրը քաղաքական կամ գաղափարական հայացքների շուրջ համախմբվելը չէ: Միայն այս ռեժիմից ձերբազատվելուց հետո է հնարավոր դա անել:

 Իսկ ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին՝ պաշտպանելու ենք միայն ու միայն ընդդիմադիր միասնական թեկնածուին: Նրան՝ ով կգլխավորի այս հրոսակախմբին ասպարեզից հանելու գործը: Կոնկրետ թեկնածուն պետք է ընթացքում խոհեմաբար որոշվի եւ կանգ առնվի այն մարդու թեկնածության վրա, ում ներուժը կլինի առավելագույնը:

Այս իշխանությունները շատ թույլ են բոլոր առումներով: Մարդիկ եթե կարծում են, որ փողի ուժով եւ պետական մեքենայով հնարավոր է ամեն ինչ անել, ապա չարաչար սխալվում են: Ռեժիմի հզոր լինելու պատրանքը ձեւավորվել է միայն ու միայն ընդդիմադիր դաշտի պառակտվածության եւ անկազմակերպվածության շնորհիվ: Ուստի, առաջիկայում ընդդիմության նվազագույն կազմակերպվածությունն ու վճռականությունը փշրելու են ռեժիմի հզոր լինելու միֆը:


Բանտարկության ամիսները առանձանահատուկ ազդեցություն չեն գործել տրամադրությանս վրա:

October 15, 2007

 պետք է մի հաստատում անեմ. որքան երկար մենք արգելափակված մնանք, այնքան խիստ է լինելու մեզ արգելափակողների նկատմամբ կիրառվելիք պատիժը: 

Ժողովուրդը ավելի քան պատրաստ է ցանկացած պայքարի: Նա այնքան է ատում գործող վարչախմբին, որ բավական է մի քիչ կազմակերպել նրան, որ իշխանափոխությունը իրականություն կդառնա: Ամբողջ հարցն այն է, թե կլինեն արդյոք ընդդիմադիր առաջնորդները միակամ և վճռական այս պայքարում:  

Կարծում եմ, իշխանությունը պահպանելու համար ռեժիմը ոչ մի բանի առաջ չի կանգնելու: Բայց նա ոչինչ չի կարողանա անել, եթե ժողովուրդը համախմբված և վճռական լինի:  


ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրենքի նախագիծի մասին:

October 1, 2007

Եթե գործը սահամանափակվելու է միայն այս օրենքի ընդունումով, այսինքն, եթե Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը և դրանով հարցը փակված է համարելու, ապա ես դրան դեմ եմ: Կողմ կլինեի, եթե այս քայլը ունենար իր տրամաբանական շարունակությունը, մասնավորապես, դրանից հետո ԼՂՀ-ն միանար ՀՀ-ին` վերածվելով երկու կամ ավելի մարզային կազմավորումների: Բացի այդ, այս գործողություններին զուգահեռ պետք է ուղղել 1988-ի սխալը և հանդես գալ Նախիջևանը Հայաստանին միացնելու պահանջով: Եթե սա չէ Ժառանգության առաջարկության տրամաբանությունը, ապա ես դրան դեմ եմ: Առանց նշածս քայլերի ստացվում է, որ ԼՂՀ-ն անկախանում է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից, ինչը մեծ վնաս կհասցնի ազգային միասնությանը: Նախքան այս առաջարկությունը, վերջին տարիներին, Ստեփանակերտի ղեկավարությունը շատ լուրջ է ընդունել իրենց անկախ պետություն լինելու “փաստը”: Սա, ի դեպ, Հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության առաջացման պատճառներից հիմնականն է, երբ հայերը, ապրելով իրենց հայրենիքում, տարբեր երկրների քաղաքացիներ են համարվում` աստիճանաբար մոռանալով որ Արցախը Հայաստանի մի մասն է:

Ժամանակին, ԼՂՀ-ն ստեղծողները մտածում էին, թե դրանով միջազգային քաղաքական դաշտում խուսանավելու հնարավորություն են ստեղծում: Իրականում այս անհեթեթությամբ մենք միայն մեզ ենք խաբում, իսկ միջազգային հանրություն կոչվածը շարունակում է հարցը հայ-ադրբեջանական համարել և Արցախը որպես հակամարտության առանձին կողմ չի դիտարկում: Վերջ պետք է տանք ազգային միասնությանը շատ վնասող այս խեղկատակությանը և, նոր հանրաքվե կազմակերպելով, լուծարել ԼՂՀ-ն և ներկայիս փաստացի սահմաններով միացնել ՀՀ-ին: