Առաջին մասը իմ հայտարարության բաղկացած է չորս տեղեկատվական փաստերից:
Առաջինը. ինձ ձերբկալելուց երկու օր անց, տվյալ փաստով մտահոգ իմ մտերիմներից մեկը, պարզաբանման նպատակով, դիմում է Քոչարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկին, իմանալու համար, թե ինչ է կատարվում: Նրան պատասխանում են հետևյալը. “մինչև ընտրությունների ավարտը պահելու են, մնալու են մեկուսարանում, սա քաղաքական որոշում է ամենաբարձր մակարդակով:” Այսինքն մեր երկրում կան մարդիկ, որ իրենք իրենց համարում են օրենքից բարձր:
Երկրորդ. մեկ-մեկուկես ամիս անց, այս խնդրով մտահոգ ուրիշ մի անձնավորություն ուղղակի Քոչարյանից ուզում է իմանալ, թե այս ի՞նչ գործ է: Վերջինս պատասխանում է. “Նրանց գործում ոչ մի բան էլ չկա, պարզապես մենք տեղեկություն ենք ունեցել, որ նրանք ընտրություններից հետո պատրաստում են ուժային գործողություններ ու ակցիաներ կատարելու”: Պարզ է, որ այդ տեղեկությունները եղել են ենթադրության սահմաններում և պարզվում է, որ ենթադրություններով, մեր երկրում, հնարավոր է մարդկանց ձերբակալել ու ամիսներ բանտում պահել:
Երրորդ. ապրիլ ամսվա մեջ մեր գործով մտահոգ մի այլ մարդ Քոչարյանից ուզում է իմանալ, թե ինչու եք շարունակում բանտում պահել Ժիրայրին: Վերջինս խիստ զայրացած պատասխանում է. “դատելու եմ և հետո էլ արտաքսելու եմ”: Փաստորեն այս մարդն ինքն իրեն պատկերացնում է ոչ միայն նախագահ, այլև ամենաուժեղ դատավոր ու դատախազ:
Չորրորդ. հունիսի սկզբին Քոչարյանի աշխատակազմի պաշտոնյաներից կրկին փորձում են իմանալ, թե երբ է վերջ տրվելու այս խայտառակ գործին: Քոչարյանը պատասխանում է. “Երևում է նա իրեն լավ է զգում մեկուսարանում, որը մեջ հայտարարություններ է անում, քանի այդպես է, մի գուցե նրան պահենք մինչև նախագահական ընտրություններ” Այսինքն, այս մարդիկ, ես նկատի ունեմ Քոչարյանին և Սերժիկ Սարգսյանին, կարծում են, որ մեզ բանտարկելով, ազատազրկելով, մենք պիտի հրաժարվենք մեր գաղափարներից, մեր հայացքներից, հայտարարություններ անելուց, ազատ կարծիք արտահայտելուց: Այս մարդկանց մակարդակը փաստորեն այդքան է, դժբախտաբար:
Անցնեմ իմ հայտարարության երկրորդ մասին, հարց բարձրացնելով, որ այս իշխող համակարգը իրավունք ունի պետություն կոչվելու կամ ոչ: Միանգամից պատասխանեմ` ոչ: Ինչո՞ւ: Փորձեմ հիմնավորել:
Պետությունները ստեղծվում են, առաջին հերթին, տվյալ ժողովրդի կյանքը կազմակերպելու, հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու, ապագան ապահովելու համար, և այլն: Այսինքն պետությունը, պետական համակարգը առհասարակ ծառայողական համակարգ է` ծառայող ժողովրդին, ընդհանուրին: Բայց այսօր մեզ մոտ այդպես չէ: Այսօր այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատների: Փորձեմ մի փոքր պատմական ակնարկ անել մեր այս կարճատև անկախության տարիների, հասնելով մինչև 1991թ, ուզում եմ համեմատություններ անցկացնել: Իմ կարծիքով 1991թ-ին մենք ունեցել ենք պետականություն` ի տարբերություն այսօրվա: Իհարկե այդ օրերին պետական հաստատությունները դեռ կայացած չէին` նախարարությունները, վարչությունները, վերստուգիչներն ու վերահսկիչները: Ուզում եմ ասել, որ այդ հաստատություններով չէ, որ պետությունը պետություն է դառնում, այլ մտածելակերպով: Եթե համակարգում կան մարդիկ, որ պետական մտածելակերպ ունեն, ապա այդ համակարգը կշնչի պետականորեն: Ի տարբերություն այս օրերին, 1991-ին ես կարծում եմ, որ մեր ժողովրդի 15 տարիների պատմության պետականության պիկն էր, որովհետև եթե փորձենք հիշել, 1991-ին, և քաղաքական վերնախավը, և ժողովուրդը, բոլորս առաջին հերթին ընդհանուրի շահն էինք ասում: Սակայն, ցավոք սրտի դա շատ կարժ տևեց և 1992-ից անկումն ու պետականության կորուստը սկսվեց: Ես չեմ կարող չհիշել մեր վաղամեռիկ քաղաքական դավադրությունների զոհ, Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունը: Ես կասեի, որ դա սկիզբն էր մեր պետականության անկման: Այդ օրերից սկսվեց դժբախտաբար հատվածական պայքարը մեր ժողովրդի մեջ, ինչ-որ կուսակցությունների անունով, կապ չունի: Դա ուղղակի թայֆաների պայքար էր: Այդ պայքարը շարունակվեց երկար, որի արդյունքում տուժեցինք մենք բոլորս, տուժեց մեր ապագան: 1992-ից այդ անկումը սկսվեց դանդաղ, բայց հետևողական այն շարունակվեց մինչև 1999 հոկտեմբեր 27-ը: Մինչև դա, և լևոնյան իշխանության ժամանակ, և վազգենյան իշխանության ժամանակ, եղել են փորձեր այդ անկումը կանգնեցնելու: Պետական հակարգում կային մարդիկ, որոնք մտածում էին այն մասին, որ գոյություն ունեն պետական շահեր: Նույնիսկ երբ Տեր-Պետրոսյանը կամ Վազգենը սխալներ էին անում, իրենց հուշողներ կային, իրենք էլ նրանց լսում էին: Օրինակ, 1994-ին Դաշնակցության արգելումը, որ մեծ սխալ էր ազգային իմաստով: Ամիսներ անց նույն լևոնյան իշխանությունները, նրա գիտությամբ, բանակցություններ սկսեցին Դաշնակցության ղեկավարության հետ, որպեսզի այդ խայտառակ իրավիճակից դուրս գալու ելքը գտնեն: Այսինքն, նույն լևոնյան իշխանությունը, որին ես չեմ ընդունել այն ժամանակ և այսօր էլ չեմ ընդունում, բայց փաստը արձանագրում եմ, որ այնտեղ կային մարդիկ, որ մտածում էին հայ ազգ, Հայաստան, Սփյուռք և այլ հասկացություններով: Նույն ձևով կարող ենք հիշել 1996-ի իշխանության արկածախնդրությունը, ժողովրդի վրա կրակելը: Բայց անմիջապես դրանից հետո ընդդիմության հետ լեզու գտնելու փորձեր եղան: Այսինքն, իրենց սխալը ընդունում էին ու փորձում էին լուծումներ գտնել, ի շահ բոլորիս, ժողովրդի` ի տարբերություն այսօրվա իշխանությունների: Դա տևեց մինչև 1999թ: Հոկտեմբեր 27-ից հետո մեր պետականության անկումը սրընթաց եղավ և տևեց մինչև 2003թ նախագահական ընտրությունները, որտեղ Քոչարյանը ինքն իրեն նշանակեց նախագահ և մեր պետականության ֆոնդը սպառվեց զրո մակարդակի: 2003թ-ից այսօր Հայաստանում գոյություն չունի պետություն: Կա մի համակարգ, որ կոչվում է իշխանություն, որի գլխին կանգնած են մի խումբ մարդիկ և այդ համակարգը ամբողջությամբ ծառայեցնում են իրենց հարստություն դիզելու և լծակները վերահսկելու համար, և դա անելուց հետո, հիմա, մեկ խնդիր ունեն, ինչպես պահպանել աթոռը: Ուրիշ խնդիր չկա:
Այս պայմաններում խոսել դատական անկախ համակարգի, դատավարության մասին, ուղղակի անհեթեություն է: Ես սա դատարան չեմ համարում: Սա դահլիճ է, որտեղ օրը մի քանի անգամ պղծվում է մեր սուրբ եռագույնն ու զինանշանը: Այսօրվա դատական համակարգում ընդգրկված են դատավորներ, որոնք հոգի չունեն: (Դատավորը խնդրեց չվիրավորել դատարանին) Ես ոչ մեկի անձը վիրավորելու տրամադրություն չունեմ: Եթե դու (դիմելով դատավորին), Մնացական Մարտիրոսյան, անկախ դատավոր լինեիր, այս գործը չէիր ստանձնի: (Դատավորը միջամտում է, պահանջելով իրեն դիմել “հարգելի դատարան” արտահայտությամբ: Ժիրայր Սէֆիլյանը պատասխանում է, որ դժվար է դա անել և շարունակում է) Այս գործը վարույթ ընդունելիս, դու պետք է այն 301-ի մասով կասեցնեիր: Ինձ համար զարմանալի չէ, որ այս գործը չկասեցվեց, որովհետև գիտեմ ձեր դատական գործունեության անցյալը` Պողոս Պողոսյանին սպանողներին ազատության մեջ թողնելը և պատվիրատուի ուղղությամբ նշույլ անգամ դատաքննություն չանցկացնելը: Երբ իմացա, այլևս չզարմացա, որ 301-ով գործը ընդունվել է վարույթ: Ամփոփելով և նկատի առնելով բոլոր հանգամանքները ես հրաժարվում եմ ցուցմունք տալ այս սուտ դատարանին, բայց քանի որ ես այստեղ մենակ չեմ մեղադրյալի աթոռին, ես լիազորել եմ իմ պաշտպաններին, որ իմ անձի հետ կապված ինչ հարցեր որ լինեն, իրենք պատասխանեն, նպատակ ունենալով չձգձգել դատավարությունը: Ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց, միաժամանակ հայտարարում եմ, որ օգտվելու եմ իմ հայտարարությունների իրավունքից: Խոսքս ուղղում եմ նաև այսօրվա իշխանություններին, ասելով, որ մեզ 7 ամիս չէ, ուզում եք 7 տարի պահեք, մենք մեր հավատքից, գաղափարներից, գործունեությունից, նպատակներից հրաժարվողը չենք: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը և հասնելու ենք մեր նպատակին, որն է ապագա բարոյական Հայաստանի կերտումը:
Posted by azatagrum